«Լուսանկարիչները, երբ նոր-նոր սկսում են իրենց աշխատանքը, առաջինը նկարում են ծերերին, երեխաներին, հետո անցնում են հեծանիվներին: Դա ասես սկիզբ է, որով բոլորը գերվում են: Մեզ սովորեցնում էին, որ պետք է դուրս գալ այս շրջանակից, որովհետև բոլորը դա են նկարում: Իմ ֆիլմը հենց դրա մասին է. վավերագրողը մահն է փորձում նկարահանել»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՎԻԿՏՈՐՅԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ այսպես ներկայացրեց 2014-ին նկարահանած «Հոգաբարձուներ» կարճամետրաժ ֆիլմը:
Վիկտորյան կինոգիտություն է ուսանում Նյու Յորքի Քոլամբիա համալսարանում: Գեղարվեստի մագիստրոսի թեկնածու է: Մի քանի կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ է, ռեժիսոր և պրոդյուսեր:
«Հոգաբարձուներ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրանի» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Պատմությունն այսպիսին է. երիտասարդ վավերագրող ռեժիսորը, տարվելով մահվամբ, հայտնվում է անբուժելի հիվանդ կնոջ մահճի մոտ, մասնագիտությունը հասկանալու համար հոգաբարձուի դեր ստանձնում: Պարզվում է բոլորվին այլ պահանջներ ունի հոգաբարձուի աշխատանքը, և այլ է ռեժիսորի տեսլականը: «ՈՒզում էի, որ մարդիկ մի պահ մտածեն այդ արտառոց մասնագիտության ու արվեստի էթիկայի մասին: Ֆիլմը ոչ թե մահվան մասին է, այլ մասնագիտական հավակնությունների, մասնագիտական էգոիզմի մասին»,-ասաց Վիկտորյա Ալեքսանյանը: Երիտասարդ ռեժիսորը պատասխանեց նաև «Իրատես de facto»-ի հարցերին:
-Ֆիլմում ռեժիսորը «հոգեբանական» փորձությունների միջով է անցնում, որ կարողանա իր աշխատանքը գլուխ բերել: Ինչի՞ միջով եք Դուք անցել` «Հոգաբարձուները» նկարահանելու համար, որքան էլ ասեք` ֆիլմը մահվան մասին չէ, կենտրոնում` մահն է:
-Ես հենց սկզբից այն համոզմունքն ունեի, որ կինո չեմ նկարահանում մահվան մասին: Ես այցելել եմ եկեղեցի, հիվանդանոցներ, զրուցել եմ քահանաների հետ, բժիշկների, հոգաբարձուների: Բայց երբ սկսեցի նկարահանման աշխատանքները, մահը մի կողմ դրեցի, աշխատում էի պատմության վրա: Թեման շատ ծանր է, ֆիլմը կարճամետրաժ է, չէի ուզում ստանալ ծանր հոգեբանական կինո:
-Ֆիլմի սկզբում դրվագ կա, երբ ռեժիսորը ցույց է տալիս մի լուսանկար, որտեղ ծնողների մեջտեղում նրանց մահացած դուստրն է: Կարծես ֆիլմի մեխը հենց այս արտառոց լուսանկարն է:
-Այդ լուսանկարը իրական է: 20-րդ դարի սկզբում լուսանկարչությունը նոր էր հայտնագործվել, և շատերը չունեին լուսանկարներ: Երբ վաղաժամ մահ էր լինում, հիշատակի համար լուսանկարվում էին մահացածի հետ, բայց այնպես, ասես այդ մարդը կենդանի լիներ: Ֆիլմի ռեժիսորը մահվան գաղափարով տարված, ուզում էր նկարահանել կենդանի կնոջը` մինչև նրա մահանալը, ամբողջ այդ ընթացքը: Վերջում հասկացավ, որ չի ուզում կամ չի կարող մահը ճանաչել, նկարահանել:
-Ձեր հաջորդ ֆիլմն ինչի՞ մասին է լինելու:
-Սցենարի եմ վերածում գործընկերներիցս մեկի գրած գիրքը: Սիրո պատմություն է հայկական գյուղերից մեկում ապրող երիտասարդ զուգի մասին: Իսկ առհասարակ ծրագրերը շատ են, աշխատում եմ մեծ թվով սցենարների վրա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ